07/09/2011 13:17
Հուշագիր` գյուղնախարարության և «Հեյֆեր Ինթերնեյշնլ»-ի միջև
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղը սեպտեմբերի 9-ին կկնքեն Փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն. Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն պրն. Գագիկ Խաչատրյանը, Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլի գործառնությունների գլխավոր տնօրեն/միջազգային ծրագրերի գործադիր փոխնախագահ Սթիվեն Օթթո Դեննին և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի տնօրեն տկն. Անահիտ Ղազանչյանը:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀԳՌԿՄ ծրագիրն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի և Հեյֆեր Հայաստանի կողմից համատեղ: Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնելու ՀՀ 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով:
Աղբյուրը նշում է, որ Հեյֆեր Ինթերնեյշնլը շահույթ չհետապնդող հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է հաղթահարել սովն ամբողջ աշխարհում և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը մուտք է գործել Հայաստան 1999թ-ին: Առ այսօր իրականացնելով ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, աշխատել է 150-ից ավելի գյուղերում, օգնել 7000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս Հեյֆեր Հայաստանն իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը Հայաստանում, 2-ը` Վրաստանում: