07/09/2011 12:19
Յ.Նոդան Մեդվեդևին հիշեցրել է «հյուսիսային տարածքների» մասին
Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիկո Նոդան, անցյալ շաբաթ ստանձնելով իր պարտականությունները, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ժամանակ բարձրացրել է հյուսիսային տարածքների հարցը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
«Երկու ղեկավարն էլ տարածքային վեճի շուրջ պայմանավորվել են բանակցություններ վարել»,-հաղորդել է հեռուստաընկերությունը:
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում Մեդվեդևը շնորհավորել է Նոդային` վարչապետ ընտրվելու կապակցությամբ, և խոստացել հետագայում ևս աջակցել գարնանը տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով տուժածներին:
Շնորհակալություն հայտնելով` Նոդան նշել է, որ երկու երկրները համագործակցության շատ ոլորտներ ունեն, այդ թվում էներգետիկ և հավելել, որ իր նպատակն է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական երկարատև հարաբերություններ հաստատելը:
Միաժամանակ Նոդան նկատել է, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է լուծել վիճելի կղզիների հարցը և խաղաղության պայմանագիր կնքել: Նա հույս է հայտնել, որ երկու երկրներն այդ ուղղությամբ ջանքեր կգործադրեն:
Հիշեցնենք, որ այսպես կոչված Հյուսիսային տարածքների խնդրով Մոսկվայի և Տոկիոյի միջև վեճը ծագել էր 2010թ-ի նոյեմբերին, երբ պատմության մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներ էր այցելել նախագահ Դմիտրի Մեդվեդևը: