08/09/2011 10:37
Ահմադինեժադի կոչը Ասադին` բանակցել ընդդիմադիրների հետ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դադարեցնել բողոքի ցույցերի դաժան ճնշումները և ընդդիմության հետ նստել բանակցային սեղանի շուրջ: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, Ահմադինեժադն այս մասին ասել է պորտուգալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքերով, «ռազմական լուծումը երբեք ճիշտ չի լինում», այդ իսկ պատճառով կողմերը պետք է «խնդիրները լուծեն երկխոսության միջոցով»: Ահմադինեժադը բազմակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել Սիրիայի իշխանություններին, եթե վերջիններս կանգնեն բարեփոխումների ճանապարհին:
Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բոլոր կառավարությունները, այդ թվում սիրիականը պետք է ընդունի սեփական ժողովրդի «ազատության, արդարության և հարգանքի իրավունքը», այնուհետև, մեջբերելով Լիբիայի օրինակը, զգուշացրել է այլ երկրներին Սիրիայի ներքին գործերին միջամտելուց: