08/09/2011 14:12
Նոր հաջողություն հեծանվային սպորտում
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում անցկացվեց խճուղային հեծանվավազքի «Դրուժբա» անվանումով միջազգային բազմօրյա մրցաշար: Ընդհանուր մրցատարածությունը 430 կմ էր, որը մասնակիցները հաղթահարեցին հինգ փուլով: Մասնակիցների թվում էին 16 թիմերի 79 մարզիկներ: Հայաստանը ներկայացրած վեց հեծանվորդներից առավել վստահ հանդես եկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հաջող մրցելույթներ ունեցավ բոլոր փուլերում և արժանիորեն գրավեց առաջին տեղը` իրենից հետ թողնելով մրցանակային հաջորդ երկու հորիզոնականներն զբաղեցրած Ռուսաստանի և Լեհաստանի պատվիրակներին:
Նորաթուխ չեմպիոնը մարզվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: