08/09/2011 16:31
Այսօր Սբ. Աստվածածնի ծննդյան տոնն է
Հայ Առաքելական եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: Այս օրը բոլոր եկեղեցինում մատուցվում է Սուրբ պատարագ:
Մարիամ Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Սբ. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս անպտուղ էր:
Եվ, ինչպես պատմում է ավանդությունը, մեկ օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սբ. Մարիամի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին` այդ մեծ շնորհին արժանացնելու համար:
Պատումի համաձայն` Աննան հղիանալուց հետո ծնում է մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված պատվեց լինելու Որդի Աստծո մայրը: