08/09/2011 15:42
Գիտաժողով ` «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագրով
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր իր աշխատանքները սկսեց «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագիրը կրող գիտաժողովը՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Զոլյանը։ Նա ներկայացրեց այն նվաճումները, որ այս տարիների ընթացքում ձեռք է բերել Արցախի Հանրապետությունը. նոր շենքեր, ճանապարհներ։
Իսկ որ ամենակարևորն է՝ ԼՂՀ-ում այսօր բնականոն իրականացվում է պետությանը բնորոշ բոլոր գոծառույթները. ոչ միայն պաշտպանության, անվտանգության, այլև սոցիալական, կրթական և մյուս բոլոր ոլորտներում։ Սակայն, կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն ու լուծում ստանան. դրանք վերաբերում են միջազգային ասպարեզում ԼՂՀ ճանաչմանը, ԼՂՀ բանակցային գործընթացի ճանաչմանը։
«Նվաճումներ իհարկե կան, սակայն չի կարելի աչքերը փակել, քանի որ կան լուրջ խնդիրներ, որոնք այսօր հաղթահարված չեն և դրանց լուծումը պետք է մենք տանք։ Այդ առումով այս կոնֆերանսը համարվում է ոչ թե՝ Ղարաբաղյան հիմնահարց, այլ՝ ԼՂՀ հիմնահարց, ինչը նշանակում է, որ ինչ որ չափով ղարաբաղյան հարցը լուծված է, բայց օրակարգում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որպես պետության, հիմնահարցն է դրված։ Եվ մենք այսօր կփորձենք դրա շուրջ տարբեր տեսակետներ արտահայտել, ամփոփել այն, ինչ որ արվել է, և ներկայացնել մեր մոտեցումները՝ հետագա անելիքների շուրջ»,- նշեց Ս. Զոլյանը։
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը։
«Անլուծելի հակամարտությունների լուծումը» զեկույցով հանդես եկավ քաղաքագիտական գիտությունների դոկտոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։
«Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
ԵՊԼՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Զոլյանը ներկայացրեց. «Նախապատվությունների տրամաբանությունը և Ղարաբաղի հակամարտությունը» զեկույցը։
Գիտաժողովին ներկա էր նաև Արցախի հանրապետության պատվիրակությունը։
ԼՂՀ համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանն անդրադարձավ ինքնորոշման և տարածքային ամբողջականության հետ կապված մի շարք հիմնահարցերի։