10/09/2011 11:51
Ստեփան Սաֆարյանի առավոտը` հանրահավաքից հետո
«Ես այսօր արթանացա, և իշխանությունը դեռ նույնն է»,- փաստը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած ՀԱԿ հերթական հանրահավաքին և Լևոն Տեր-Պետրոսյանի տված 24 ժամյա վերջնաժամկետին:
«Ինձ համար ոչ միայն կարևոր է իշխանությունների հեռանալը, այլև՝ շատ կարևոր է, թե ով է գալու նրանց փոխարեն: ՀՀ երեք նախագահները նույն խմբի անդամներն են, նույն գաղափարների կրողները: Նրանցից յուրաքանչյուրն իշխանությունը ստանձնելիս չի հրաժարվել նախորդի վարած քաղաքականությունից»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նախօրեին կայացած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդի ելույթը գնահատեց որպես դասախոսություն`անցյալի մասին. «Տպավորություն էր, որ Տեր-Պետրոսյանը կանգ է առել 2008-ի մեջ և այդ ժամանակաշրջանում մնացել»,- ասաց Սաֆարյանը և ավելացրեց, որ Տեր-Պետրոսյանի վերլուծությունները «Վիկիլիքսի» մասին խիստ մասնակի էին: