13/09/2011 12:26
«Արևելյան Դավոսի» համաժողովին արծարծվել է ԼՂ անկախության թեման
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-10-ը մասնակցել է «Արևելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին։
Նոր դարաշրջանում աշխարհի ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և էթնիկ մարտահրավերները քննարկելու առաքելություն ուներ միջազգային այս հավաքը, որին ներկա էին եվրոպական երկրների նախագահներ ու նախարարներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, գիտնականներ ու լրագրողներ։
Համաժողովի շրջանակներում, ի թիվս թուրքական, ադրբեջանական և սլովակ մասնակիցների, Հովհաննիսյանն արծարծել է Լեռնային Ղարաբաղի անկախության ու տարածաշրջանային անվտանգության թեման։ Նա իր դիտարկումներն է ներկայացրել նաև մարդկության դեմ հանցագործությունների, եվրոպական մայրցամաքում միջպետական հաշտեցման, ԱՊՀ ապագային նվիրված մասնագիտացված հանձնախմբերի քննարկումների ընթացքում։
«Ժառանգության» մամուլի ծառայության հաղորդմամբ, համաժողովում Հայաստանն ակտիվորեն ներկայացնում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանը և Արտակ Դավթյանը, Սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Բիզնեսի ու զարգացման կովկասյան ցանցից Արտյուշ Մկրտչյանը և Եվրոպայում հայկական միավորումների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը։
Համաժողովի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրույց է ունեցել եվրոպական երկրների մի շարք պետական գործիչների ու մասնագետների հետ, իսկ Նովիյ Սաչում հանդիպել Երիտասարդ առաջնորդների վեցերորդ տնտեսական համաժողովի շուրջ 200 մասնակիցների։
Մինչև Հայաստան վերադառնալը Հովհաննիսյանն այցելել է Կրակով և տեղի շաբաթօրյա հայկական դպրոցում հանդիպել համայնքի ակտիվիստներին, ուսուցիչներին ու աշակերտներին։ Քաղաքում տեղակայված հայկական խաչքարի առջև նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման զոհերի հիշատակին։