14/09/2011 10:59
Հայտնի են Հայաստանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ երեկոյան միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից, վերջինս փորձառու դիվանագետ է, ով արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում և ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է: Քվեարկությունից առաջ Հեֆերնը, Սենատի լսումների ժամանակ, անդրադառնալով 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններին, խուսափել է ցեղասպանություն բառն օգտագործելուց, նշելով, որ «այդ իրադարձությունների որակումը կայացվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:
Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղյան խնդրին ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:
Աղբյուրի համաձայն` նույն օրը հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ հաստատվել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը, թեև օրենսդիրներից հայանպաստ գործունեությամբ աչքի ընկնող Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը, դեմ են քվեարկել: Նրանք, մասնավորապես, քննադատել են քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ Ռիչարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, թե մինչև 1915 թ-ը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաև այսօր:
«Այդ պատասխանը վիրավորական լինելու չափ սխալ է»,- հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեզը և հավելել, որ դա ապացուցում է Ռիչարդոնեի` Թուրքիայում ապրող հայկական համայնքի խնդիրներով հետաքրքրված չլինելու փաստը:
Այս հարցում դեսպան Ռիչարդոնեի դիրքորոշումը քննադատել են նաև մի շարք այլ սենատորներ, որոնք, սակայն, ի վերջո կողմ են արտահայտվել նրա թեկնածությանը՝ վկայակոչելով վերջինիս փորձառությունն ու գիտելիքների պաշարը: