14/09/2011 11:33
Կ. Կարապետյանի հրաժարականը ազնիվ նպատակ էր հետապնդում
«Կարեն Կարապետյանը հրապարակային քաղաքականությամբ զբաղվել է շուրջ տասնհինգ տարի, հայտնի քաղաքական գործիչ է՝ զուսպ է աշխատանքի առումով: Իսկ հրաժարականը զուտ իր ցանկությունն էր»,- անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականին՝ նման կարծիք արտահայտեց ասուլիսի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նա ընդգծեց. «Պետք չէ նրա հրաժարականի հարցի մեջ մութ անկյուններ, դրդապատճառներ փնտրել: Նրա հրաժարականը ազնիվ նպատակ էր հետապնդում»,- ասաց Գ.Մելիքյանը և ավելացրեց, որ հանրության համար նման հրաժարականները անսովոր են, սակայն քաղաքակիրթ աշխարհում սա ընդունված երևույթ, ընդունված կարգ է :
Գ.Մելիքյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Կ. Կարապետյանը ՀՀԿ անդամ է և իրենց լավ գործընկերն ու լավ ընկերը: