14/09/2011 18:58
ֆինանսավորում են գյուղմթերքների վերամշակման կետը
Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մասնակցեցին գյուղմթերքների վերամշակման կետի բացման արարողությանը` ընդգրկելով նաև ՀՄՀ-Հայաստան-ի կողմից աջակցվող հավաքման կենտրոնը:
Այս մասին տեղեկացնում են ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը 2007-2009 թվականների ընթացքում Լուսաձորում հաջողությամբ իրականացրել է 8 զարգացման ծրագիր` ուղղված ինչպես սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը, այնպես էլ տնային տնտեսությունների համար լրացուցիչ եկամուտների ստեղծմանը: Ծրագրերը ներառել են գազի և ոռոգման ջրի ցանցերի կառուցումը, ինչպես նաև Լուսաձորի տնային տնտեսություններին տրամադրվել է 17 տոննա որակյալ ցորենի սերմացու, ինչը հանգեցրել է համայնքի 55 հա չմշակվող վարելահողերի ցանքաշրջանառություն վերադարձնելուն: ՄԱԶԾ-ի կողմից համայնքում կառուցվել են 28 ջերմատներ և հիմնվել է 20 հա արքայախնձորի այգի:
ՄԱԶԾ միջամտության արդյունքում համայնքում մրգի արտադրությունը արագորեն աճում է: Վերջինս, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում ստեղծել համատեղ գյուղմթերքների վերամշակման կետ, որի հիմնական նպատակն է`ավելացնել համայնքի տնային տնտեսությունների եկամուտները` մշակման, փաթեթավորման, պիտակավորման և իրացման միջոցով: Սույն ծրագրին աջակցել է նաև ԱՄՆ կառավարությունը, որը ՀՄՀ-Հայաստան ծրագրի (ՀՄՀ-Հայաստան) միջոցներով տրամադրել է սառնարանային սարքավորում:
«Հայաստանում ՄԱԶԾ գործունեության առաջնահերթություններից է հասարակության ամենախոցելի շերտերի շրջանակում աղքատության նվազեցումը և հիմնական սոցիալ-տնտեսական ծառայությունների հասանելիության ապահովումը: Մենք կարող ենք հաղթահարել երկրի զարգացման մարտահրավերները մեր միջազգային և ազգային գործընկերների հետ համագործակցելու միջոցով: Համատեղ աշխատելով մենք կարող ենք շատ բան փոխել»,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան: Նա նաև ընդգծել է, որ աղքատության հաղթահարման ջանքերում համագործակցության դերն այնքան կարևոր է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2012 թվականը հռչակել է Կոոպերատիվների միջազգային տարի:
Բերքահավաքից հետո վերամշակումը և մարքեթինգը 177 միլիոն դոլար արժողությամբ ՀՄՀ-Հայաստան ծրագրի առանցքային մասն է կազմում: Աջակցություն է տրամադրվում 227 ձեռնարկություններին և գյուղացիական խմբերին, և այդ աջակցության մի մասի արդյունքում ստեղծվել են 21 հավաքման կենտրոններ ամբողջ Հայաստանով մեկ: Այս միջոցները գյուղացիներին հնարավորություն են տալիս մթերել, տեսակավորել և ապա վաճառել իրենց արտադրանքը համապատասխան պայմաններում: Այս կենտրոններից շատերը ձևավորվել են այլ դոնոր կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսիք են «OXFAM»-ը և «CARD»-ը: Լուսաձորի կենտրոնը ևս մեկ օրինակ է, որ վկայում է ՄԱԶԾ և ՀՄԿ հաջող համագործակցության մասին: Բացի այդ, ՀՄՀ-Հայաստան
ն այս համայնքի շուրջ 150 գյուղացիների համար կազմակերպել է ուսուցում գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ և ներդրել է 145 հազար ԱՄՆ դոլար վերանորոգելու Լուսաձորի երրորդային ջրանցքը, ինչի շնորհիվ շահում են ավելի քան 500 գյուղացիներ: Ընդհանուր առմամբ, ամբողջ Հայաստանով մեկ ոռոգման ենթակառուցվածքներում ՀՄՀ-Հայաստան-ի ներդրումների արդյունքում տեղի ունեցան երկրի ջրանցքների համակարգի խոշոր հատվածների վերանորոգումներ, 17 պոմպակայանների արդիականացում, ինքնահոս ոռոգման համակարգերի ներդրում, շուրջ 100 համայնքներում երրորդային ջրանցքների վերակառուցում և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնում:
ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում հիմնադրված վերամշակման կետում համայնքի տնային տնտեսությունները ստացել են մասնագիտական ուսուցում և կարող են մշակել իրենց արտադրանքն ինչպես ընտանեկան կարիքները հոգալու համար, այնպես էլ հավելյալ եկամուտ ստանալու համար` վճարելով նախապես սահմանված վարձ համապատասխան ծառայությունների համար: Վերամշակման կետը հագեցած է արևային ջրատաքացուցիչներով, ժամանակակից սննդի վերամշակման սարքավորումներով` լվանալու, չորացնելու, պատրաստելու, սառեցնելու, մանրէազերծելու, ինչպես նաև փաթեթավորման և մակնշման հարմարություններով: Այն ունի նաև հացի փուռ, սառնարան և խանութ: Համապատասխան պայմանագրերի կնքումից հետո արտադրանքի իրացումը կկազմակերպվի շուկաներում, մոտակա ռեստորաններում և խանութներում:
Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը շահավետ կլինի ոչ միայն կոոպերատիվի անդամների, այլև Լուսաձոր համայնքի բոլոր տնային տնտեսությունների և հինգ հարևան համայնքների` Խաշթառակի, Լուսահովիտի, Դիտավանի, Ազատամուտի և Ակնաղբյուրի, ավելի քան 2000 տնային տնտեսությունների համար: