15/09/2011 13:43
Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է բրոնզե մեդալ և Օլիմպիադայի ուղեգիր
Ստամբուլում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Վերջին օրը պայքարի բռնվեցին միայն 74 կգ քաշային ըմբիշները, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի վերջին հույսը` երևանցի Արսեն Ջուլֆալակյանը: Նա հաջորդաբար վստահ հաղթանակներ տոնեց Իտալիայի, Ուկրաինայի պատվիրակների նկատմամբ, իսկ երրորդ փուլում տանտիրոջ հետ գոտեմարտում մրցավարները Արսենին նախապատվություն չտվեցին: Բայց հայ վարպետը չընկճվեց, նախ սփոփիչ գոտեմարտում հաղթեց Սլովենիայի ներկայացուցչին, ապա «բրոնզի» և օլիմպիական ուղեգրի համար մղված արտասովոր լարված պայքարում գետնեց Հունաստանի, Ղազախստանի ընտրյալներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Արսենը, փաստորեն, փրկեց նաև մինչ այդ պարտություններ ճաշակած իր թիմակիցների պատիվը, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, բարձրացնել տվեց մեր եռագույնը` ստանալով նաև բրոնզե մեդալը և օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիրը: