15/09/2011 11:09
Դիվանագետները կհամոզեն Պաղեստինին «հեռու մնալ» ՄԱԿ-ից
Ամերիկյան և եվրոպական դիվանագետները Մերձավոր Արևելքում բանակցությունների նոր փուլ են սկսել` փորձելով կանխել Պաղեստինի մուտքը Միացյալ Ազգերի Կազմակերպություն /ՄԱԿ/: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
ԱՄՆ ներկայացուցիչ Դենիս Ռոսսն ուԴեվիդ Հեյլը, ԵՄ-ի` արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և հատուկ բանագնաց Թոնի Բլերը ժամանել են տարածաշրջան` խաղաղ բանակցություններ վարելու համար:
Նշենք, որ պաղեստինցիները պատրաստվում են ՄԱԿ-ին անդամակցելու հայտ ներկայացնել այս ամիս: Իսրայելը զգուշացրել է, որ դա «դաժան և ծանր հետևանքների» կհանգեցնի:
Ամերիկյան դիվանագետները երեկ հանդիպումներ են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ: Իսկ այսօր նախատեսվում է նրանց այցը Հորդանանի արևմտյան ափ` Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու նպատակով:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Նեթանյահուի հետ հանդիպմանը Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ մտադիր է երկարաձգել իր այցը` հետագա բանակցությունների համար:
«Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին մեզ կհաջողվի սկսել բանակցությունները»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը: