15/09/2011 15:34
Բացվեց առաջին համահայկական ցուցահանդեսը
Այսօր ՀՀ Նկարիչների միության ցուցասրահում առաջին անգամ բացվեց Կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը, որը նվիրված է ՀՀ անկախության 20- ամյա հոբելյանին ու կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության և Նկարիչների միության հետ համատեղ:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմավորեցին Նկարիչների միության նախագահը, սփյուռքի նախարարը:
Վերջինս շնորհավորեց ներկաներին անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ նկարիչներին ակտիվ համագործակցելու և ցուցաբերած հետաքրքրության համար:
«Այս օրերին տոնական է հագել ոչ միայն Հայոց աշխարհը, այլև հայկական Սփյուռքը, քանի որ միասին տոնում ենք երկու Հանրապետոթյունների անկախության տարեդարձը: Եթե մայիսը մեր հաղթանակների ամիսն է, ապա սեպտեմբերը մեր պետականաստեղծման ամիսն է, և դա մենք արել ենք Սփյուռքի, Արցախի ու Հայաստանի ժողովրդի հետ միասին` ձեռք ձեռքի տված»,- իր ելույթի խոսքում ընդգծեց նախարարը` հավելելով, թե հատկապես ուրախ է, որ Սփյուռքի նկարիչներն ու տեղի հայ նկարիչները, առիթից օգտվելով, կարող են երկխոսության մեջ մտնել միմյանց հետ:
Ներկաներին շնորհավորեց նաև Լևոն Կոջոյանը` ընդգծելով, որ իրենք` նկարիչները, չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում են ակտիվ լինել, գովերգել կյանքը, ցուցադրել իրենց ստեղծագործությունները` դրսևորելով իրենց սերն ու հարգանքը ժողովրդին, ղեկավարությանն ու Նկարիչների միությանը:
Սփյուռքահայ նկարիչ Գագիկ Ավետիսյանը ներկաներին փոխանցեց 10 գեղանկարիչների շնորհավորանքները և տեղեկացրեց, որ «Փյունիկ» հիմնադրամի շնորհիվ 20 օր շարունակ այդ 10 գեղանկարիչները Հայաստանում անցել են 3000 կիլոմետր և 300 պլեներային գեղանկարների հեղինակ դարձել:
Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից:
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին միայն Սփյուռքից ներկայացված էր ավելի քան 51 աշխատանք, իսկ հայրենիք էին այցելել 21 սփյուռքահայ նկարիչներ. Վիգեն Շառոյան, Զավեն Բարդակչյան, Արտո Համբարձումյան, Հրազդան Թոքմաջյանը` Սիրիայից, Եվգինե դը Գրիֆը` Կանադայից, Հենրիկ Վարդենիկցին` ԱՄՆ-ից և Թենգիզ Միկոյանցը, Մարինա Խաչատուրովան, Դիանա Ալավերդովան, Գայանե Մանասյանը, Լանա Բաբայանը` Վրաստանից…