15/09/2011 17:51
ԼՂՀ ԱԺ-ն մի շարք օրենքներ է ընդունել
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը։ Նիստին ներկա է եղել նաև վարչապետ Արա Հարությունյանը։
Ձեռնամուխ լինելով օրենսդրական բնույթի հարցերի քննարկմանը, նիստն առաջինը քննության է առել հանրապետության բյուջետային համակարգին ու բյուջեին վերաբերող օրինագծերը։
«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը հաջորդաբար ներկայացրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Մաքսիմ Հակոբջանյանը։
Օրինագծերի վերաբերյալ դրական էր եղել գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Տարաձայնությունների տեղիք չտալով՝ օրենքներն ընդունվել են։ Խորհրդարանն այնուհետև ի գիտություն է ընդունել «ԼՂՀ 2011թ. 1-ին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին» ֆինանսների նախարարության տեղեկատվությունը:
Օրակարգի հաջորդ երկու հարցը վերաբերում էր գյուղատնտեսության բնագավառին։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով «Անասնակերի մասին» և «Մեղվաբուծության մասին» օրենքների նախագծերը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վլադիմիր Զաքիյանը հաղորդել է, որ օրինագծերից առաջինը կոչված է օրենսդրորեն կանոնակարգել անասնակերի հետ կապված գործունեության տեսակները՝ դրանք ամրագրելով իրավական մեկ համալիր ակտում։ Իսկ երկրորդ օրինագծով, նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել մեղվաբուծության բնագավառի կառավարման, մեղվաբուծական մթերքների արտադրության հետ կապված հարաբերությունների համար։
Հիմք ընդունելով գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունները և կանոնակարգային պահանջից բխող առաջարկությունը, նիստը երկու օրենքներն էլ ընդունել է առաջին ընթերցմամբ։
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը նիստում ներկայացրել է սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը։ Օրինագծերի առնչությամբ տարակարծություններ չեն եղել։ Օրենքներն ընդունվել են։
Նիստն այնուհետև քննարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի նախագիծը, որին խորհրդարանը կողմ է քվեարկել առաջարկությանը։
«ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լիազորված էր ներկայացնել կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը։ Տարաձայնությունների տեղիք չտալով՝ օրենքն ընդունվել է։
Նիստը, արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ և նրա համապատասխան հիմնավորումներով, այնուհետև քննության է առել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Անվճարունակության (սնանկության) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը՝ օրենսդրական փաթեթի տեսքով։
Օրենսդրական փաթեթն ընդունվել է։
Օրակարգով նախատեսված վերջին օրենսդրական հարցը վերաբերում էր երկրորդ ընթերցմամբ ներկայացված «ԼՂՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի նախագծին: Հիմք ընդունելով գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և տեղեկատվությունն առ այն, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո լրացուցիչ պատգամավորական առաջարկություններ չեն ստացվել, խորհրդարանն օրենքն ընդունել է վերջնական տեսքով։