16/09/2011 10:38
Մեքսիկայի նախագահի կայքէջը` հաքերների թիրախում
«Anonymous» խմբի հաքերները ներխուժել են մեքսիկական ռազմական կայք և սպառնացել «կոտրել» երկրի նախագահ Ֆելիպե Քալդերոնի անձնական էջը:
Նրանք ներխուժել են մի քանի նախարարությունների, այդ թվում Պաշտպանության և Հանրային անվտանգության նախարարությունների կայքեր: Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն:
Մեքսիկայի ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ միայն իրենց կայքում են եղել տեխնիկական խնդիրներ:
Anonymous-ն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը, չպարզաբանելով, սակայն, պատճառը:
Երեկվանից Մեքսիկայում սկսվել են 1810թ-ին Իսպանիայից ազատագրման տոնակատարություները: Այսօր այդ առթիվ երկրում անցկացվելու են հանրապետական միջոցառումներ:
«Մենք անանուն ենք, մենք լեգեոն ենք, մենք չենք ներում, մենք չենք մոռանում»,-ասված է նրանց բլոգում տեղադրված հայտարարության մեջ:
Նշենք, որ « Anonymous» խմբավորման հաքերները հայտնի են նրանով, որ աջակցել են «Վիքիլիքսի» նախագծի հեղինակ Ջուլիան Ասանժին և կոտրել ՆԱՏՕ-ի անվտանգության տվյալների բազան: