16/09/2011 13:38
ԱԹՍ-ների հարցում չի բերում ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի բախտը
Իսրայելից գնված «Heron» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) Թուրքիայում չեն կարողացել կիրառել, սակայն արդարանում են, թե դրանք ուղղակի անօգտակար են:
Քրդական զինյալների դեմ պայքարի նպատակով Թուրքիան 2008թ. Իսրայելից ձեռք է բերել 15 մլն դոլար արժողության 3 «Heron» ԱԹՍ, որոնք այնուհետև կիրառվել են Բաթմանի շրջանում: Սակայն որոշ ժամանակ անց Թուրքիան կորցրել է բոլոր երեք սարքերը: Ընդ որում` սեփական մեղքով. սարքերը պարզապես ընկել են:
Ավելի ուշ թուրքական կողմը պատվիրում է ևս 10 կատարելագործված ԱԹՍ-ներ` 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Սարքերը բավական դժվարությամբ են տեղ հասել, և հենց այստեղ արդեն թուրքերը պետք է հասկանային, որ դրանք իրենց համար չեն: Տեղ հասնելուց հետո էլ պարզվում է, որ առկա են տեխնիկական անսարքություններ: Օրինակ, տևական ժամանակ կիրառելուց հետո միայն թուրք զինվորականները հանկարծ պարզում են, որ ԱԹՍ-ի վրա տեղադրված չէ այն սարքը, որն ապահովում է հետախուզական ԱԹՍ-ների ֆիքսած տվյալների փոխանցումը կենտրոնակայան (և հենց սա է հետախուզական ԱԹՍ-ի հիմնական գործառույթը, այլապես այդ սարքը կհամարվի ուղղակի որպես «ինքնաթիռի մոդել»): Թուրքիան ստիպված դրանց մի մասը վերանորոգման նպատակով հետ է ուղարկում Իսրայել և մինչև օրս սպասում է իր գույքի վերադարձին: Ընդամենը վերջերս վարչապետ Էրդողանը հույս հայտնեց, որ Իսրայելն այնումանայնիվ հետ կտա «պատանդի» կարգավիճակում հայտնված իրենց ԱԹՍ-ները:
Սա դեռ քիչ էր, հիմա էլ երկկողմ լարված հարաբերությունների պատճառով Իսրայելը հետ է կանչում Թուրքիայում դրանք սպասարկող իր մասնագետներին: Արդյունքում «չարաբաստիկ» ԱԹՍ-ների կիրառության պարտականությունը ծանրանում է թուրք զինվորականների ուսերին: Վերջիններս էլ անմիջապես արդարացնում են իրենց վրա դրված պատասխանատվությունն ու արդեն մարտ ամսին հարավ- արևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ շրջանում հետախուզական թռիչք իրականացնելիս հերթական «Heron»-ը հաջողությամբ գցում են գետնին: Միակ արդարացումն այն էր, որ իսրայելական ԱԹՍ-ները ուղղակի անօգտակար են:
«Հերոնամերժության» ալիքի վրա Թուրքիայում որոշում են նախապատվություն տալ սեփական արտադրության ԱԹՍ-ներին, որոնք սկսկում են հետախուզական թռիչքներ իրականացնել Դիարբեքիրի շրջաններում: Բայց իհասթափությունն ավելի մեծ է լինում. թռիչքների ժամանակ երկնքում թռչունների հետ բախումից միանգամից վնասվում և ընկնում են «Gozcu» անունն ստացած թուրքական արտադրության 2 ԱԹՍ-ները: Այս անհաջողությունից հետո, Թուրքիայում սկսեցին վերադառնալ որպես ԱԹՍ ինքնաթիռների կիրառման այլընտրանքային մոտեցումներին:
Մասնավորապես, Էրզինջանի (Երզնկա) անվտանգության տնօրինությունն ու Թուրքական օդային կազմակերպությունն այժմ համատեղ նախագիծ են մեկնարկել, որի շրջանակում փոքր չափերի սիրողական ու ուսումնական ինքնաթիռներն այսուհետ կկիրառվեն որպես հետախուզական ԱԹՍ-ներ: Մի խոսքով`այս հարցում չի բերում ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև` թուրքերի բախտը: Այստեղ, սակայն, կա մի մխիթարանք Ադրբեջանի համար, քանի որ նրանց բախտը բերել է մի բանում` իրենց ունեցած ԱԹՍ-ները համեմատաբար թանկարժեք չեն և դեռևս վնասազերծված է մեկը: