16/09/2011 09:50
Կառավարական զորքերը մտել են Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաք
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը սեպտեմբերի 15-ի երեկոյան կատաղի մարտերից հետո մտել են տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաք, որը շաբաթներ շարունակ դիմակայություն էր ցույց տալիս ընդդիմադիրներին: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Սիրթի մատույցներում մարտերի վերաբերյալ տեղեկատվությունն հաստատել է նաև «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը: Վերջինիս հաղորդմամբ, քաղաքի գրոհին մասնակցել է մոտ 900 միավոր զինտեխնիկա և 1000-ից ավել կառավարական զինծառայողներ: Քաղաքը պաշտպանող Քադաֆիի զորքերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Նշենք, որ Սիրթ քաղաքը գնդապետին համատարիմ զորքերի վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրերից մեկն էր: Այնուհանդերձ, Քադաֆիի հսկողության տակ շարունակում է մնալ Սաբհա և Բանի Վալիդ քաղաքները: Տեղեկատվության համաձայն, նշյալ քաղաքների մատույցներին արդեն մոտեցել են Անցումային խորհրդի զինվորական ուժերը և մոտակա օրերին ծրագրված է նաև դրանց գրոհը: