19/09/2011 12:07
Քսանամյա անկախությունը՝ ԱԺ կին պատգամավորների աչքերով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ տարբեր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց տեսակետները հայտնեցին, թե ինչպիսին է քսանամյա անկախ Հայաստանը` իրենց աչքերով:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ նկատել է, թե ինչպես տարեցտարի փոխվում է ոգևորությունն անկախության նկատմամբ: «Տասը տարեկան անկախ Հայասատանն այլ երկիր էր, քսան տարեկանը՝ մեկ այլ, իսկ երեսուն տարեկան Հայաստանաը պետք է լրիվ ուրիշ լինի»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունն անքակտելի լինի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նկատեց. «Մենք պետք է հասկանանք, որ եթե ժողովրդավար չլինենք, չունենանք քաղաքացիական հասարակություն, ապա մեզ հանդիպող դժվարությունները, խնդիրները, մարտահրավերները պետք է կապենք անցումային ժողովրդավար երկիր լինելու հետ»:
Նա ընդգծեց, որ անկախությունը պետք է պահվի ամուր, բարգավաճ, ժողովրդավար հենքի վրա: «Այսօր, երբ կան բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ, միևնույն է, ես վստահ եմ, որ անկախությունն այնպիսի արժեք է, որ նույնիսկ սոցիալական ծանր պայմաններում, քաղաքացին, եթե կրկին քվերակելու առիթ ունենա, կքվեարկի անկախության օգտին»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ ամուր, անկախ երկիր ունենալու համար միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է: Որպես անկախության ընթացքում ձեռքբերված նվաճում՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ այս ընթացքում կայացան չորրորդ իշխանությունը և քաղաքացիական հասարակությունը:
Ասուլիսին մասնակից մեկ այլ խմբակցության՝ ԱԺ «Օրինաց երկրի» պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ քսանամյա անկախության ընթացքում «մենք ունենք բանակ, մշակույթ, կրոն». «Անկախության մեջ կարևոր է անկախության սերունդը: Պետք է բարձր պահել մեր բանակը, դրոշը, հիմնը, կրոնը, կրթությունը»:
Հ. Բիշարյանը կարևորեց, որ յուրաքանչյուր հայից է կախված, թե ինչպիսին կլինի անկախ Հայաստանը: