19/09/2011 11:42
Բակո Սահակյանը ողջունել է համահայկական համաժողովի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ողջունել է Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին համահայկական համաժողովում: Ողջույնի խոսքում ասվում է.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Ողջունում եւ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Հայրենիք-Սփյուռք միասնությունը հանդիսանում է ինչպես հայոց անկախ պետականության գոյատեւման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը: Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա:
Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Դա պահանջում է Հայրենիքի եւ Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների միջեւ համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում:
Սփյուռքում այս գործընթացի առանցքային օղակ է հանդիսանում տարբեր կազմակերպությունների ղեկավարների ինստիտուտը` օղակ, որը երեւի թե ավելի լավ է տիրապետում սփյուռքահայերի կյանքի զարկերակին, համայնքներում առկա խնդիրներին եւ նրանց լուծման ուղիներին:
Այս տեսանկյունից կարեւոր եմ համարում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված համաժողովը, որը կարող է դառնալ մեր ժողովրդի եւ երկու հայկական պետությունների համար կարեւորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ: Համագործակցության նման ձեւաչափը ավելի քան պահանջված է եւ պրակտիկ աշխատանքների իրականացման համար հանդիսանում է թերեւս ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս հարթությունում աշխատել` այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ:
Բարեկամներ, վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման հայրենանվեր գործին:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման ու մեր համազգային նպատակների իրականացման:
Շնորհակալություն»:
Հայտնում են Արցախի նախագահի մամլո ծառայությունից: