19/09/2011 11:00
Քադաֆիի կողմնակիցները գերեվարել են 17 արտասահմանցիների
Լիբիական Բանի Վալիդ քաղաքում գերի են վերցվել արտասահմանցի 17 «վարձկաններ», որոնց թվում են ֆրանսիացիներ և բրիտանացիներ: Այս մասին «Ռոյթերս»-ի հաղորդմամբ, հայտարարել է Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը:
Վերջինս նշել է, թե վարձկանների խմբում եղել են տեխնիկական մասնագետներ և ռազմական խորհրդականներ:
«Նրանց մեծ մասը ֆրանսիացիներ են: Խմբում կան 2 բրիտանացի, քաթարցի և ասիական երկրներից մեկի ներկայացուցիչ», - սիրիական Arrai TV հեռուստաընկերությանը հայտնել է Իբրահիմը:
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը, իր հերթին, հայտարարել է, թե դաշինքի զինծառայողներից որևէ մեկը չի գերեվարվել Քադաֆի զինյալների կողմից: Հերքմամբ են հանդես եկել նաև Ֆրանսիան և Բրիտանիան:
Նշենք, Բանի Վալիդ քաղաքը, չնայած Անցումային խորհրդի զորամիավորումների ինտենսիվ գրոհների, դեռևս շարունակում է մնալ Քադաֆիի կողմնակիցների վերահսկողության ներքո: