20/09/2011 16:03
Բ. Սահակյանի շնորհավորական ուղերձը` Անկախության տոնի առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին փառապանծ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր հայերի տոնը` աշխարհի տարբեր ծայրերում: Տոն, որն իրականություն դարձրեց աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովրդի դարավոր երազանքը` կառուցել իր պետականությունը իր հողի վրա, դաստիարակել սերունդներին իր նախնիների ոգով` միշտ վառ պահելով հայրենի օջախի կրակը:
Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ մեր համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Եվ յուրաքանչյուր հայի պարտքն է` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, անել ամեն ինչ, որպեսզի այդ հաղթանակը կրկնապատկվի ու հավերժանա, որպեսզի հայոց անկախ պետականությունը ամրապնդվի ու զորանա եւ մեր ժողովուրդն այսուհետ միայն հաղթանակներ տոնի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության»:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի մամլո գրասենյակից: