20/09/2011 17:23
Միհրան Ջաբուրյանն արժանացավ Oլիմպիադայի ուղեգրի
Ստամբուլում ավարտվեց նաև աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ, երևանցի Միհրան Ջաբուրյանը (55 կգ) տեղ գրավեց առաջին հնգյակում և Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացավ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ուղեգրի արժանացավ նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ, Երևան)` գրավելով երրորդ տեղը և արժանանալով բրոնզե մեդալի:
Հույս ունենք, սակայն, որ Հայաստանի` Լոնդոն մեկնող ըմբիշների թիվը կավելանա: 2012 թ. ապրիլին Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում մեկշաբաթյա ընդմիջումներով իրար կհաջորդեն միջազգային վարկանշային երեք մրցաշարեր: Դրանցում համապատասխանաբար առաջին քառյակ, եռյակ և երկյակ մտնող ըմբիշներին կշնորհվեն ուղեգրեր:
Հարկ է նշել , որ Հայաստանի մարզիկներից առաջինը «Օլիմպիադա-2012»-ին մասնակցելու իրավունք է ստացել հրաձիգ Նորայր Բախտամյանը: Առաջիկայում կայանալիք աշխարհի առաջնություններում ուղեգրերի համար կպայքարեն նաև բռնցքամարտի և ծանրամարտի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: