21/09/2011 10:33
Տոնդ շնորհավո’ր, Հայաստա’ն
«Այո'» կամ «ո'չ»: 20 տարի առաջ հայ ժողովրդի համար այս հարցի պատասխանը միանշանակ էր` «այո’»: «Այո'» անկախությանը, ազատ ու անկախ ապրելու հայերի դարավոր երազանքին: Ի տարբերություն նախկին Խորհրդային Միության այլ երկրների, որոնք անկախություն ձեռք բերեցին միության փլուզման հետևանքով, Հայաստանը անկախությունը ձեռք բերեց համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Սա իրավունք էր, որ նվաճվում էր հայ ժողովրդի համար դժվարին մի ժամանակահատվածում: Այն ուղեկցվում էր շրջափակմամբ, բազմաթիվ կորուստներով, արցախյան գոյամարտով: Այս ամենն այսօր արդեն անցյալում է, մեր երկրում մեծ տարեդարձ է. տոնում ենք մեր անկախ պետականության և ազատ ապրելու 20-ամյա հոբելյանը: Այս առիթով շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ: