21/09/2011 17:03
Հասանելի է ադրբեջանական ցանկացած նշանակետ
«Այս զորահանդեսին ներկայացվեցին համազարկային կայանները` չինական, ներկայացվեցին մարտավարական «Տոչկա-Ու» համալիրները, որոնք ունեն 120 կմ հեռահարություն և համարվում են գերճշգրիտ զենք և ներկայացվեց «Էլբրուս» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք ունեն 300 կմ հեռահարություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին` ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ «Էլբրուս» համակարգերը բացառիկ են իրենց տվյալներով, քանի որ 300 կմ հեռահարությամբ հասանելի է ադրբեջանական ցանկացած նշանակետ:
«Նման համալիրներ ամբողջ տարածաշրջանում ունեն միայն ՀՀ-ը և Իրանը: Դրանք անցել են ՀՀ-ում կատարելագործում, ինչը նույնպես բացառիկ իրողություն է»,-ընդգծեվ Ա. Հովհաննիսյանը:
Նա, անդրադառնալով հակաօդային պաշտպանության համակարգերին նշեց, որ կատարելագործվել են «Օսա» և «Օկա» զենիթահրթիռային համալիրները, որոնք մեծ նշանակություն ունեն լեռնային տեղանքում, Արցախյան գոյամարտում հակառակորդի տեխնիկային խոցող միջոցները եղել են «Օսա» և «Օկա» համակարգերը:
Ա. Հովհաննիսյանը, անդրադառնալով հայկական անօդաչու թռչող սարքերին, նշեց, որ դրանք համալրված են հետախուզական մի քանի սարքավորումներով, կանալներով, հարմարեցված են ոչ միայն ցերեկային գործողությունների համար, dրանք ինտեգրված են հրետանու կրակի կառավարման մեջ, որը շատ կարևոր հանգամանք է:
Ռազմական փորձագետի խոսքերով` հայկական անօդաչու սարքերը պատրաստված են կոմպոզիցիոն մետաղներից, որոնց ստացման համար մենք մեր մոտ զարգացրել ենք Արևմուտքից բերված բացառիկ տեխնոլոգիական համակարգեր, և այդ անօդաչուները դժվար են նկատվում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ հայկական անօդաչու թռչող սարքերի վրա կան բացառիկ լուծումներ և մենք այդ առումով կարող ենք ոմանց ինչ-որ բաներ սովորեցնել: