21/09/2011 11:20
Մեկնարկեց անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը
Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը։
Հանրապետության հրապարակում շարված են զորահանդեսին մասնակցող զորամասերն ու ստորաբաժանումները: Զորահանդեսին առաջին անգամ մասնակցում է Զինված ուժերում հոգևոր սպասավորություն իրականացնող ավելի քան 40 եկեղեցականներից կազմված հոգևոր առաջնորդությունը:
Հրապարակում են անկախ Հայաստանի 20-ամյա կյանքում իրենց ներդրումն ունեցած պաշտոնյաներ և բարձրաստիճան զինվորականներ:
Տրիբունայի վրա են` Հայաստանի Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ առաջին նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, զինվորականներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ և այլն:
Զորահանդեսի հրամանատարն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և «Վարդան Մամիկոնյան» շքանշանների ասպետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված աննախադեպ զորահանդեսը դիտելու համար Երևանում են նաև հյուրեր Սփյուռքից, ՀՀ մարզերից:
Հանրապետության հրապարակում ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: