22/09/2011 10:21
Օբաման հանդիպել է Նեթանյահուի և Աբբասի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպումներ է անցկացրել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում:
Ինչպես հաղորդվում է, Աբբասի հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է կիրառել իր վետոյի իրավունքը, եթե պաղեստինյան կողմը Անվտանգության խորհրդին ներկայացնի Պաղեստին պետության` ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու հարցը:
Ավելի վաղ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Օբամային հրեական պետության շահերը չոտնահարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
ԳԱ նստաշրջանին իր ելույթի ժամանակ Օբաման ընդունել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում հեշտ ելք չի սպասվում:
«Խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել ՄԱԿ-ի հայտարարությունների և բանաձևերի միջոցով, հակառակ դեպքում, խաղաղությունն արդեն վաղուց հաստատված կլիներ», - ասել է Օբաման:
Հիշեցնենք, Պաղեստինը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել Պաղեստին պետության` ՄԱԿ-ի 194-րդ լիիրավ անդամը ճանաչվելու հայցը: Եթե Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն կիրառի իր վետոյի իրավունքը, ապա հարցի քննարկումը կտեղափոխվի Գլխավոր Ասամբլեա: Այստեղ, ինչպես ենթադրվում է, ՄԱԿ-ում ներակայցված պետությունների մեծամասնությունը կսատարի պաղեստինյան հայցը, ինչը վերջինիս կշնորհի դիտորդ պետության նոր կարգավիճակ և կապահովի նրա անդամակցությունը ՄԱԿ-ի բոլոր ենթակա կառույցներին: