22/09/2011 11:06
Փոխըմբռնման հուշագիր`գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մասին
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղը այսօր` սեպտեմբերի 22-ին, կնքեցին Փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն. Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն պրն. Գագիկ Խաչատրյանը և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տկն. Անահիտ Ղազանչյանը:
ՀԳՌԿՄ ծրագիրն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի և Հեյֆեր Հայաստանի կողմից համատեղ: Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնելու ՀՀ 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով:
Հեյֆեր Ինթերնեյշնլը շահույթ չհետապնդող հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է հաղթահարել սովն ամբողջ աշխարհում և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը տրամադրում է գյուղատնտեսական կենդանիներ, տնկիներ, ուսուցում և այլ միջոցներ` օգնելով կարիքավոր ընտանիքներին` դառնալու ինքնապավեն: Հեյֆեր Ինթերնեյշնլը մուտք է գործել Հայաստան 1999թ.` առ այսօր իրականացնելով ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, աշխատել է 150-ից ավել գյուղերում, օգնել 7000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս Հեյֆեր Հայաստանն իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը Հայաստանում, 2-ը` Վրաստանում: