24/09/2011 12:29
Եմենում նախագահական զորքերը կրկին կրակել են ցուցարարների վրա
Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ զորքերը մայրաքաղաք Սանեում` «Փոփոխությունների հրապարակում», կրակել են ընդդիմության ճամբարի վրա: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը (Agence France-Presse):
Ըստ ականատեսների, ցուցարարների վրա կրակ են բացել հարակից տների տանիքներում տեղակայված Հանրապետական էլիտար գվարդիայի դիպուկահարները, որոնք անմիջականորեն պատկանում են երկրի նախագահի ավագ որդի Ահմեդ Սալեհին: Բժիշկները հայտնում են, որ կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն հինգ ցուցարար:
Հարձակման ժամանակ հրապարակում նախագահական ուժերը բախվել են նաև ապստամբ գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարի ուժերի հետ, որոնք մի քանի ամիս շարունակ հսկում են ընդդիմադիր ճամբարի վրանները:
Ավելի վաղ` սեպտեմբերի 23-ին, հաղորդվել էր, որ Սանայի հյուսիսային մասում տեղի են ունեցել բախումներ` նախագահին հավատարիմ զորքերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Կրակոցների հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել 53 մարդ:
Աղբյուրի փոխանցմամբ, նոր բախման պոռթկումը տեղի է ունեցել Ալի Աբդուլլահ Սալեհինի այն հայտարարությունից հետո, երբ նա նշել էր, թե անհրաժեշտ է զինադադար և ինքը վերադարձել է հայրենիք` «իր հետ բերելով խաղաղության աղավնի»: Սալեհին Սաուդյան Արաբիայից Եմեն է վերադարձել սեպտեմբերի 23-ին, որտեղ ավելի քան երեք ամիս գտնվում էր բուժման նպատակով:
Նախագահի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումները սեխտեմբերի 16-ից չեն դադարում: Այս ընթացքում զոհվել է ավելի քան 120 մարդ: Ավելի վաղ` օգոստոսի վերջին, հակամարտող կողմերի միջև գործում էր ժամանակավոր զինադադար: