26/09/2011 10:24
Օբաման կշարունակի «վերբեռնման քաղաքականությունը» նաև Պուտինի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրվել Վլադիմիր Պուտինը, հայտարարել է, թե ԱՄՆ-ն հույս ունի պահպանել ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնման» առաջընթացը, անկախ այն հանգամանքից` ով է լինելու ՌԴ հաջորդ նախագահը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Հարցը, թե ով է լինելու ՌԴ հաջորդ նախագահը, որոշիչ պետք է լինի Ռուսաստանի քաղաքացիների համար», - ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիտորը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայացած «Եդինայա Ռոսիա» կուսակցության 12-րդ նիստում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ նախագահի ընտրություններում առաջադրվելու է Վլադիմիր Պուտինը, իսկ ինքը գլխավորելու է դեկտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը:
«Այն ժամանակ, երբ մենք ունեինք բավականին սերտ աշխատանքային հարաբերություններ նախագահ Մեդվեդևի հետ, Վլադիմիր Պուտինը վարչապետ էր», - ասել է ամերիկացի պաշտոնյան, հույս հայտնելով, թե երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է թե′ Միացյալ Նահանգների, թե′ Ռուսաստանի շահերին: