26/09/2011 11:33
Նախագահը Մոնտեբելլոյում այցելել է ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքից մեկնել է Լոս Անջելես: Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, ԱՄՆ Արևմտյան ափ հասելուն պես հանրապետության ղեկավարն այցելել է Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող Մոնտեբելլո քաղաք: Այստեղ նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես նաև ծառ տնկել հուշահամալիրի տարածքում գտնվող այգում:
Մոնտեբելլոյում գտնվող հուշահամալիրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է, որ ԱՄՆ տարածքում կառուցվել է պետական պատկանելիության հողատարածքի վրա: Հուշահամալիրը կառուցվել է դեռևս 1968 թվականին:
Նախագահի այցին ընդառաջ հուշահամալիրի մերձակայքում էին հավաքվել տեղի և հարակից քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոնտեբելլոյի քաղաքապետ Արթ Բարահասը և քաղաքային խորհրդի անդամներ:
Դիմելով Սերժ Սարգսյանին քաղաքապետ Բարահասը մեծ պատիվ համարեց ՀՀ նախագահի այցն իրենց համայնք: «Մոնտեբելլոն տոնում է 90-ամյակը և հայկական համայնքը մշտապես եղել է նրա շատ կարևոր մասնիկներից մեկը և մեծ ներդրում ունի մեր համայնքի զարգացման գործում»,- նշեց նա:
Մոնտեբելլոիյ քաղաքապետի վստահեցմամբ, իրենց համար պատիվ է նաև ունենալ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հուսով եմ, որ աշխարհը կճանաչի այն ու այդկերպ կկանխվեն հետագա ցեղասպանությունները, այլապես վաղը այն կկրկնվի»,- նշեց Արթ Բարահասը և, շնորհավորելով ՀՀ նախագահին ու Հայաստանի ժողովրդին անկախության քսաներորդ տարելիցի առթիվ, հուշագիր հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանին:
Իր հերթին երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար ու նաև այն բանի համար, որ ԱՄՆ-ն ապրելու, գործելու ու զարգանալու հնարավորություն է տվել հայ ժողովրդին: