26/09/2011 10:21
Զանգվածային նոր գերեզմանոց է հայտնաբերվել Տրիպոլիում
Լիբիացի ապստամբները Տրիպոլիում մի նոր զանգվածային գերեզմանոց են բացահայտել, որտեղ հայտնաբերվել է մոտ 1300 դիակ: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը: Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների խոսքերով, գերեզմանոցում, հնարավոր է, թաղված են 1996 թվականին Աբու Սալիմ բանտում տեղի ունեցած խռովության զոհերը: Լիբիական իշխանությունները մտադիր են դիմել միջազգային հանրությանը զոհվածների ինքնությունը պարզելու հարցում օժանդակություն սատանլու նպատակով:
Նշվում է, թե Աբու Սալիմ բանտում խռովությունը տեղի է ունեցել 1996 թ-ի հունիսի 28-ին: Ազատազրկվածները, բողոքելով բանտային ծանր պայմաններից, դուրս էին եկել խցերից ու գերի վերցրել հսկիչների: Խռովությունն հանդարտեցնելու նպատակով ոստիկանները կրակ էին բացել բանտարկյալների ուղղությամբ: Միջադեպից օրեր անց տասնյակ բանտարկյալներ, իշխանությունների որոշմամբ, մահապատժի էին ենթարկվել:
Նշվում է նաև, թե լիբիական իշխանությունները երկար տարիներ հերքել են խռովարարնրի նկատմամբ հաշվեհարդարի մասին փաստը` խոստովանելով տեղի ունեցածը միայն 2004 թ-ին: