27/09/2011 10:10
Իսպանիայի վարչապետը լուծարել է երկրի խորհրդարանը
Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մասին: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, խորհրդարանական նոր ընտրությունները նախանշված են նոյեմբերի 20-ին, իսկ նոր օրենսդիր մարմինն իր նոր կազմով աշխատանքը կսկսի դեկտեմբերի 13-ից:
Վարչապետ Սապատերոն, մեկնաբանելով ընդունած որոշումը, հայտարարել է, թե երկրի նոր կառավարությունն այսպիսով կկարողանա առավել արդյունավետ բարեփոխումներ իրականացնել, քանի որ դրա համար կունենա բավականաչափ ժամանակ: Խորհրդարանի լուծարման անհրաժեշըտության պահանջով ավելի վաղ հանդես էր գալիս ընդդիմությունը:
Տեղեկատվության համաձայն, ինքը` վարչապետը, հրաժարվել է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում: Վերջինիս Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունում փոխարինելու է Իսպանիայի նախկին ՆԳ նախարար Ալֆրեդո Ռուբալկաբան:
Նշենք, որ վերջին ամիսներին Սապատերոյի կառավարության հեղինակությունը զգալիորեն ընկել էր երկրում ընթացիկ տնտեսական ճգնաժամի հետևանքով: Ինչպես հաղորդվում է, Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմում է 21 տոկոս: Ֆինանսական դրությունը երկրում կայունացնելու նպատակով կառավարությունը մի շարք բյուջետային վճարումների և աշխատատեղերի կրճատման ծրագրեր էր ընդունել, որոնք հանդիպել էին ազգաբնակչության դիմակայությանը: