30/09/2011 18:24
Անվտանգության խորհրդի նիստ` Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է և նրա մարտունակության հետևողական բարձրացումը հանդիսանում է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նիստում քննարկվել են նաև Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել տոնական միջոցառումների կազմակերպան և համակարգման կառավարական հանձնաժողով:
Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: