01/10/2011 10:18
Աֆղանստանն ընդհատել է բանակցությունենրը թալիբների հետ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ իր կառավարությունը հրաժարվում է « Թալիբան » շարժման հետ շարունակել խաղաղ բանակցությունները. Այս մասին այսօր տեղեկացրել է BBC News –ը։
Քարզայի խոսքերով՝ բանակցություններն ընդհատելու որոշում է կայացվել Աֆղանստանի նախկին նախագահ Բուրխանուդին Ռաբանի սպանությունից հետո։ Նախկին նախագահը, որը գլխավորում էր հաշտեցման բարձր խորհուրդը, սպանվել էր սեպտեմերի 20-ին, Քաբուլում գտնվող իր տանը՝ Թալիբանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Թալիբներից մեկն իր հետ նրա տուն էր բերել պայթուցիկ սարք, որն էլ գործողության մեջ էր դրել։
Սեպտեմբերի 30-ին հանդիպելով հոգևոր առաջնորդների հետ Քարզայը հայտարարել է, որ թալիբների մեջ չի տեսնում գործընկերների, ում հետ կարելի է խաղաղ բանակցություններ վարել։ Բացի այդ պարզ չէ, թե որտե՞ղ է գտնվում թալիբների առաջնորդ մոլլա Օմարը. « Որտե՞ղ է «Թալիբանի » խորհուրդը, որտե՞ղ է մոլլա Օմարը։ Խորհրդի անվան տակ իրենք մարդ են սպանում, ու այդ մասին որևէ մեկնաբանություն չեն տալիս »,- հայտարարել է Աֆղանստանի նախագահը։
Ստեղծված իրավիճակում խաղաղ բանակցություն վարելու համար Աֆղանստանի իշխանություններն իրենց միակ և հնարավոր գործընկեր են համարում Պակիստանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պակիստանից պահանջել էր կտրուկ միջոցներ ձեռնարկել ծայրահեղական խմբավորումների դեմ, որոնց ամերիկյան իշխանությունները կասկածում են Աֆղանստանի տարածքում մի քանի ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։ Աֆղանստանն, իր հերթին, այդ ուղղությամբ իր քայլերն էր ձեռնարկել։