03/10/2011 11:28
ԱՄՆ-ն զգուշացնում է Իսրայելի մեկուսացման մասին
ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետը զգուշացրել է, որ Իսրայելը գնալով ավելի շատ է մեկուսանում Մերձավոր Արևելքում:
Նրա խոսքով` իսրայելական իշխանությունները պետք է վերսկսեն պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները, ինչպես նաև վերականգնեն վերջին ժամանակներս իրար հետևից Թուրքիայի և Եգիպտոսի հետ վատացած հարաբերությունները:
Լեոն Պանետը գտնվում է Մերձավոր Արևելքում, որտեղ նա պլանավորել է հանդիպել ինչպես պաղեստինյան, այնպես էլ իսրայելցի առաջնորդների հետ:
BBC-ի տեղեկացմամբ` վերջին ժամանակներս դիվանագետները ուժեղացրել են փորձերը` կոնֆլիկտի երկու կողմերին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ:
Իսրայելը համաձայնել է վերսկսել բանակցությունը, սակայն պաղեստինցիները պայման են դրել. Իսրայելը պետք է դադարեցնի զբաղեցրած տարածքներում ընթացող շինարարությունը:
Նախորդ շաբաթվա ընթացքում Իսրայելը կրկին հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում 1100 նոր բնակարանների կառուցման մասին: