03/10/2011 12:06
Ռուսական գազը թանկ է Թուրքիայի համար
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, թե իր երկիրը հրաժարվում է այսուհետ «արևմտյան ուղղությամբ» երկիր ներմուծվող ռուսական գազից: Որոշումը նախարարը բացատրել է առաքվող վառելիքի բարձր սակագնով:
Տեղեկատվության համաձայն, Յիլդիզը նշել է նաև, թե պայմանագրերի խախտումը ոչ մի կերպ չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերություների վրա: Նշվում է, թե գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի դեկտեմբերին:
Թուրքիան նախկինում ևս արտահայտվել էր Ռուսաստանից առաքվող գազի սակագնի իջեցման օգտին, սակայն Մոսկվայում սույն թվականի մարտ ամսին կայացած Մեդվեդև-Էրդողան բանակցություններն այդպես էլ հաջողությամբ չէին պսակվել:
Նշենք, որ Թուրքիան ռուսական գազի խոշորագույն ներկրողներից է, որը տարեկան մոտ 30 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից, ինչը կազմում է երկրում սպառվող կապույտ վառելիքի մոտ 64%-ը: