04/10/2011 14:13
Ռումինիան փորձում է պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում
«Ռումինիայի շահերից է բխում Կովկասի և Սև ծովի ավազանի կայունությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ ու լիազոր դեսպան Կրինա Պրունարիուն:
Նա նշեց, որ Ռումինիան օգնել է հայկական կողմին ՀՀ-ի Ռազմական դոկտրինի մշակման գործում:
Ռումինիայի և ՀՀ-ի համագործակցությունը հիմնականում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում է: ՀՀ-ի և Ռումինիայի նախագահների միջև տեղի է ունեցել 9 հանդիպում, բացի այդ մեծ թիվ են կազմում պաշտպանության նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումները:
Դեսպանի խոսքերով, քաղաքական տեսանկյունից Ռումինիան աշխատում է պահպանել հավասարակշռությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, սակայն Ռումինիայի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները ավելի են զարգացած և դա չի կարելի հերքել:
Անդրադառնալով ղարաբաղյան հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը` դեսպանը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը չի մտնում ՆԱՏՕ-ի իրավասությունների մեջ:
Ամփոփելով խոսքը` դեսպանը նշեց, որ իրենք շատ ուրախ են, որ ՀՀ-ում զարգանում են ոչ կառավարական կազմակերպությունները, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ-ի հասարակությունը գնալով ավելի ու ավելի է բաց դառնում: