04/10/2011 12:47
Ադրբեջանի «սև ցուցակ»-ն ընդլայնվում է
Ադրբեջանի ԱԳՆ-ն Կալիֆորնիայից ընտրված սենատոր Ջոզեֆ Սիմիթյանին ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակ «սև ցուցակում, քանի որ վերջինս, առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության այցելել էր Արցախ: Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի օրը Ադրբեջանի ԱԳՆ մամլո Խոսնակ Էլմար Աբդուլաևը «Թրենդ»-ին հայտնել է, թե մինչև Հայաստան այցելելը, Սիմիթյանն Ադրբեջանում հանդիպումներ է ունեցել, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ինչպես նաև առանց Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցներին տեղյակ պահելու և առանց թույլտվություն ստանալու, այցելել է Լեռնային Ղարաբաղ: Համապատասխան որոշում է ընդունվել Սիմիթյանին ներառել Ադրբեջան այցելելու համար անցանկալի մարդկանց ցուցակում:
Այս հարցում Ադրբեջանը կոշտ դիրքորոշում ունի. Ադրբեջանի ու նրա օրենսդրության հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող անձինք հետագայում ևս կընդգրկվեն այդ ցուցակում: Դա երկրի օրենսդրության կոպիտ խախտում է,- ասել է Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով, այն անձը, որը օրենքներ է ընդունում և հանդիսանում է Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամ, ինքը չպետք է խախտի օրենքը:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիթյանը օրերս այցելել էր Ադրբեջան, Հայաստան, ապա Արցախ ուր հանդիպում էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: