04/10/2011 13:01
ՀՀ դեսպանն հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին
Հոկտեմբերի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի (Karel Schwarzenberg) հետ: Չեխ բարձրաստիճան պաշտոնյան շնորհավորել է դեսպանին Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ և համոզմունք հայտնել, որ Չեխիայում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-չեխական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարոն Շվարցենբերգը հատկապես կարևորել է համագործակցության հեռանկարները մշակույթի և, միգուցե նաև՝ ատոմային էներգետիկայի բնագավառներում:
Զրուցակցի խնդրանքով դեսպան Սեյրանյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ մոտեցումները: Անդրադարձ է եղել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մասնավորապես` կազանյան հանդիպմանը, որը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:
Տիգրան Սեյրանյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն պատրաստ է նաև Ադրբեջանի կողմից ռազմական նոր արկածախնդրության դեպքում խաղաղություն պարտադրել նրան: