04/10/2011 12:13
Ընտրություններ` ոչ թե արտահերթ, այլ հերթական
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասուլիսի ժամանակ խոսելով ներքաղաքական կյանքի մասին` նշեց, որ երկրում ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: Նա, սակայն, ընդգծեց, որ դրանք պետք է լինեն ոչ թե արտահերթ, այլ հերթականը:
«Հիմիկվանից խոսում են, թե ով է լինելու խորհրդարանում, ով քանի տոկոս կստանա՝ առանց հարցնելու ընտրողի կարծիքը: Իսկ դրանից կարելի է հետևություն անել, որ ընտրությունները կեղծվելու են, քանի որ նման գուշակություն անելու համար պետք է առնվազն քաղաքական կույր կամ քաղաքական ավանտյուրիստ լինել »,- նկատեց Ռ. Թովմասյանը:
Անկախ ամեն ինչից՝ հավանական ընտրակեղծիքներից, ֆինանսական աջակցություն չունենալուց, Ռ. Թովմասյանը հստակեցրեց, որ Կոմունիստական կուսակցությունը միանշանակ մասնակցելու է ընտրություններին:
«Կոմունիստներից վախենում են, և մեզ` խորհրդարանում տեղ չեն կարող խոստանալ»,- ասաց նա և ավելացրեց, որ ֆինանսապես դեռ ապահովված չեն՝ հույս հայտնելով, որ մինչև ընտրություններ ֆինանսական աջակցություն էլ կլինի:
Ռ. Թովմասյանը խոստացավ, որ եթե իրենք մտնեն խորհրդարան, իրենց հետ կբերեն ժողովրդի ցանկությունը: