07/10/2011 11:30
Նիկոլա Սարկոզի. «Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ»
Այսօր Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ ասուլիսի ընթացքում ֆրանսիացի լրագրողը հարց տվեց Եվրոպայում ընթացող ֆինանսական ճգնաժամի շուրջ, որին Նիկոլա Սարկոզին չցանկացավ պատասխանել, ասելով, որ ամեն հարց իր տեղն ու ժամանակն ունի և այժմ` լինելով բարեկամ Հայաստանում, ցանկանում է խոսել միայն հայ ժողովրդին ու Հայաստանին հուզող խնդիրներից:
Ֆրանսիայի նախագահը Հայաստանի իշխանություններին նաև շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ֆրանսիայի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ով նախօրեին Նիկոլա Սարկոզիին ուղեկցել էր Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր.
«Շատ հուզված էի` այցելելով այնտեղ: Այն ամենատպավորիչ ու ամենահիշվող վայրերից է»,- նշեց Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև զուգահեռներ անցկացրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրների միջև:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, Նիկոլա Սարկոզին նշեց, որ իր դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու. «Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ»:
«Թուրքիան կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Նրա դերը մեծ է: Բայց այդ դերը Եվրոպական Միությունում չէ»,- շեշտեց Ֆրանսիայի նախագահը: