08/10/2011 14:01
Վարդան Մինասյան. «Արդյունքից գոհ եմ, խաղից` ոչ այնքան»
Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ գոհ է արդյունքից, իսկ խաղից` ոչ այնքան:
«Ես սպասում էի, որ լարված հանդիպում է լինելու: Մեզ համար մեկնարկային 20-25 րոպեներին շատ ծանր էր: Առաջին գոլից հետո տղաները վստահություն ձեռք բերեցին: Այսօր կարևորը 3 միավորն էր, և այն մենք վաստակեցինք, ինչի համար շատ գոհ եմ: Բայց գոհ չեմ խաղից. մեր ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում լավ չէին շարժվում, լավ չէին խաղում փոխանցումներով:
Կառլեն Մկրտչյանն անձամբ խնդրեց, որ իրեն փոխարինենք, քանի որ ցավեր ուներ: Մի մոռացեք, որ նա երկար ժամանակ չի խաղացել Դոնեցկի «Մետալուրգում»: Գևորգ Կասպարովին չէինք հայտավորել, քանի որ բարձր ջերմություն ուներ: Բայց Գևորգը մեզ հետ Իռլանդիա կգա: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Արզումանյանին, պետք է ասեմ, որ, ցավոք, նա չի հասցնի ապաքինվել և մասնակցել իռլանդացիների հետ խաղին:
Այժմ առաջին պլանում Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն է: Ամեն ինչ կանենք, որպեսզի տղաներն արագ վերականգնվեն և պատրաստ լինեն այդ վճռորոշ հանդիպմանը»: