11/10/2011 19:28
Վճռաբեկ դատարանի որոշումները մեկնաբանում է նոր հրատարակությունը
Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ լույս տեսած հրատարակություն, որը ներառում է ՀՀ վճռաբեկ դատարանի ընտրված որոշումների իրավական վերլուծություն և մեկնաբանություններ:
ԵԱՀԿ գրասենյակի մամլո ծառայությունից հայտնում են, որ հրապարակումն անդրադառնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված դեպքերին, որ քննարկվում են Հայաստանի վճռաբեկ դատարանում, որն էլ հանդիսանում է Հայաստանի բարձրագույն դատական ատյան` բացառությամբ սահմանադրական հարցերի վերաբերյալ: Այն պատրաստվել է Հայաստանի դատավորների միության և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` խթանելու դատական բարեփոխումները և ամրապնդելու դատական անկախությունն, ամբողջականությունն ու իրավասությունը:
«Դատական ուժեղ համակարգը մարդկանց հիմնական նպատակների իրականացման և պետության սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման երաշխավորման միջոցներից է: Դատական անկախությունը, անաչառությունն ու արդյունավետությունը կարևոր են` երաշխավորելու իշխանությունների նկատմամբ հանրային վստահությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանը կենսական դերակատարում ունի օրենքի մեկնաբանության և իրավակիրառ պրակտիկայի համակցման գործում` այդմ երաշխավորելով հավասար վերաբերմունք և որոշումների իրավաչափություն», -նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
Վիճահարույց քրեական գործերի վերաբերյալ երեսուն որոշումների մանրամասն վերլուծության հրապարակումը տրամադրվելու է դատավորներին և իրավաբաններին, ինչպես նաև մատչելի կլինի լայն հասարակության համար: Ակնկալվում է, որ վճռաբեկ դատարան ներկայացվող դիմումների քանակը կնվազի, քանի որ իրավաբաններն ու անհատները ավելի լավ տեղեկացված կլինեն անցյալում նման որոշումների վերաբերյալ:
Հայաստանի դատավորների միության գործադիր տնօրեն պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը նկատել է, որ նման իրավական վերլուծություն կատարվում է առաջին անգամ. «Իրավաբանները, պաշտպանները և դատախազները հաճախ արտահայտում են տարբեր կարծիքներ նույն հարցի շուրջ, և անհրաժեշտություն կար ձևավորելու միասնական մոտեցում վճռաբեկ դատարանի կողմից: Այս բացատրական հրապարակումը կծառայի ոչ միայն դատավորների ու իրավաբանների կարիքներին, այլ նաև հասարակության լայն շրջանակների»: