12/10/2011 10:00
«Եվրո-2012»-ի գնացքը կմեկնի առանց Հայաստանի հավաքականի
Իռլանդիա-Հայաստան` 2:1 (1:0)
Իռլանդիա- Շեյ Գիվեն, Շոն Սենտ Լեջեր, Սթիվեն Կելլի, Ջոն Օ’Շի, Ռիչարդ Դանն, Գլենն Ուիլան (Կիտ Ֆեհի, 76), Էյդեն Մակգիդի (Սթիվեն Հանտ, 67), Կիտ Էնդրյուս, Քևին Դոյլ, Սայմոն Քոքս (Ջոնաթան Ուոլտերս, 80), Դամիեն Դաֆֆ:
Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելի (Էդգար Մանուչարյան, 53), Էդգար Մալաքյան (Արսեն Պետրոսյան, 28), Գևորգ Ղազարյան (Արթուր Սարկիսով, 62), Յուրա Մովսիսյան, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապետյան:
Գոլերը` Վալերի Ալեքսանյան, ինքնագոլ, 43 (1:0), Ռիչարդ Դանն, 59 (2:0), Հենրիխ Մխիթարյան, 62 (2:1):
Ք. Դուբլին, 11 հոկտեմբերի 2011 թ., «Ավիվա» մարզադաշտ:
Մրցավար` Էդուարդո Իտուրալդե Գոնսալես (Իսպանիա):
Օգնականներ` Ռոբերտո դել Պալոմար, Խուան Յուստե Խիմենես (Իսպանիա):
4-րդ մրցավար` Սեսար Մունիս Ֆեռնանդես (Իսպանիա):
Զգուշացվեցին` Սթիվեն Կելլի (13), Արսեն Պետրոսյան (44), Շոն Սենտ-Լեջեր (61), Վալերի Ալեքսանյան (64), Կիտ Էնդրյուս (66), Քևին Դոյլ (69), Քևին Դոյլ (81), Դամիեն Դաֆֆ (84):
Հեռացվեցին` Ռոման Բերեզովսկի (26), Քևին Դոյլ (81):
Նույնիսկ ամենավատ երազում այս ամենը հնարավոր չէր տեսնել, սակայն այն իրականություն է: Ոչ ոք չէր կարող սպասել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կփոխի հաղթական կազմը` մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերելով Էդգար Մալաքյանին և պահեստայինների նստարանին թողնելով Արթուր Եդիգարյանին: Չէինք կարող ենթադրել, որ Ռոման Բերեզովսկին արդեն 26-րդ րոպեին կհեռացվի խաղադաշտից տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով խաղի համար, որ նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Արսեն Պետրոսյանը և սխալ թույլ կտա երկրորդ գոլային դրվագում, որ Վալերի Ալեքսանյանն էլ գնդակը միամիտ կուղարկի սեփական դարպասը մի իրավիճակում, երբ, թվում է, սպառնալիքն արդեն չեզոքացվել էր…
Այնպիսի տպավորություն է, որ այս երեկո ամեն ինչ միավորվել էր` հայկական հեքիաթն ավարտելու համար: Նույնիսկ` մրցավարը, ով կասկածելի բազմաթիվ որոշումներ կայացրեց, նաև կոպիտ սխալներ թույլ տվեց: Դեռ խաղից առաջ երկրպագուները, հատկապես` ռուսները, մեզ խորհուրդ էին տալիս զգուշանալ մրցավարից, քանզի Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն Իռլանդիային եզրափակչի ուղեգիր է պարտք և բանի տեղ չի դնի հայերի ձգտումները` համարելով, որ նրանք արդեն բավական չափով առաջընթաց են արձանագրել և պետք է բավարարվեն այսպիսի վերելքով, քանզի խմբում գրավել են երրորդ տեղը: Թե որքանով է դա համապատասխանում ճշմարտությանը, ոչ ոք չի կարող ասել, բայց գոնե կարող ենք փաստել, որ մրցավարի գործողություններն առնվազն կասկածելի էին, եթե ոչ միտումնավոր:
Բայց վերադառնանք բուն խաղին: Մեկնարկային րոպեները ցույց տվեցին, որ հայ ֆուտբոլիստները վճռական են տրամադրված: Նրանք ոչնչով չէին զիջում մրցակցին, ավելին` տիրում էին նախաձեռնությանը և աստիճանաբար վերահսկողություն էին հաստատում խաղադաշտի կենտրոնում: Մինչև 15-րդ րոպեն կողմերը մեկական հնարավորություն փոխանակեցին: Նախ Քևին Դոյլի հարվածից հետո Բերեզովսկին որսաց գնդակը, իսկ այնուհետև Յուրա Մովսիսյանը հայտնվեց կրակագծում, սակայն այդ դրվագում գրագետ գործեց Շեյ Գիվենը` դուրս գալով տեղից և խանգարելով հայ հարձակվողին:
Իսկ հետո սկսվեց մղձավանջը: Էդգար Մալաքյանի սխալի արդյունքում Ռոման Բերեզովսկին ձեռքով խաղաց տուգանային հրապարակի սահմաններից դուրս և միանգամից պատժվեց կարմիր քարտով: Անմիջապես վերադասավարում կատարվեց: Էդգար Մալաքյանին փոխարինեց դարպասապահ Արսեն Պետրոսյանը:
Այստեղ հարկ է նշել, որ մեր թիմի մարզչական շտաբը որոշել էր Հենրիխ Մխիթարյանին կրկին հետ քաշել հենակետային կիսապաշտպանի գոտի: Ի սկզբանե հայտնի էր, որ դաշտի տերերն առաջին հերթին կաշխատեն սեփական դարպասի պաշտպանության ուղղությամբ, իսկ հետո առիթները կօգտագործեն` հակագրոհներ կազմակերպելու համար: Եվ այս պարագայում, հավանաբար, անհրաժեշտ էր պահպանել նախորդ հանդիպման կազմը` ցուցադրելով ավելի հարձակողական ֆուտբոլ: Ինչո՞ւ որոշեցինք այս անգամ զիջել նախաձեռնությունը մրցակցին, առավել ևս, որ այդ թիմն ամենևին էլ պատրաստ չէր` ընդունելու այն:
Բազմաթիվ «ինչուներ» կան, որոնք պատասխանի կարիք ունեն: Քավ լիցի, ոչ մեկին մեղադրելու ցանկություն չունեմ, որովհետև բոլորն էլ կարող են սխալվել, որովհետև այս ընտրական փուլի ընթացքում մենք արդեն տոնել ենք մեր մեծագույն հաղթանակը: Բայց ճիշտ են ասում, որ ախորժակն ուտելիս է բացվում, իսկ ամենահամեղ պատառն այնքան շոշափելի էր թվում…
Ինչևէ, 26-րդ րոպեին Ռոման Բերեզովսկին իրավիճակը փրկելու համար ձեռքով խաղաց և հեռացվեց խաղադաշտից: Տուգանային հարվածը Մակգիդիի կատարմամբ բավական վտանգավոր էր, բայց գնդակը շեղությամբ լքեց դաշտի սահմանները: Այնուհետև արդեն դաշտի տերերն էին պրեսինգ կիրառում խաղադաշտի կենտրոնում և ուղիներ էին որոնում դեպի մեր թիմի դարպասը: Բայց դա անում էին անշտապ` չմոռանալով պաշտպանության մասին: Նույնիսկ թվային առավելության պայմաններում նրանք չէին ցանկանում ստաձնել «առաջին ջութակի» դերը:
Րոպեներն անցնում էին, և մի պահ թվաց, որ նույնիսկ 10 հոգով մեր ընտրանին կարող է լուծել իր գերխնդիրը: Եվ եթե առաջին խաղակեսում տեղի չունենար այդ թյուրիմացությունը… եզրից կատարված փոխանցումից հետո գնդակի ընթացքը դանդաղեցվեց: Մրցակցի խաղացողներից ոչ ոք այդ պահին չէր կարող միջամտել իրադարձություններին, իսկ առաջինը գնդակին հասած Վալերի Ալեքսանյանը շտապողականության արդյունքում այն ուղարկեց սեփական դարպասը` 0:1:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հայ ֆուտբոլիստներն ակտիվացան` փորձելով փրկել իրավիճակը: Սակայն շուտով մրցակցի ճնշման տակ կրկին հետ քաշվեցին: Իսկ 60-րդ րոպեին Մակգիդիի` եզրից կատարած փոխանցումից հետո Արսեն Պետրոսյանը սխալվեց, և Ռիչարդ Դաննը գրավեց մեր թիմի դարպասը` 0:2: Չանցած երկու րոպե` Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Մեր հավաքականը այնուհետև անընդհատ գրոհում էր, իսկ իռլանդացիները հուսալիորեն պաշտպանվում էին, և երբ առիթը ներկայանում էր, իհարկե, չէին զլանում հակագրոհել: Հաշվի մեջ նոր փոփոխություններ չկատարվեցին: Հաղթելով 2:1 հաշվով` Իռլանդիայի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը և իրավունք նվաճեց ուղեգրի համար պայքարել անցումային խաղերում: Իսկ մեր ազգային թիմը պետք է դասեր քաղի այս ամենից և փորձի «կրակել» աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում: