12/10/2011 00:57
Վաշինգտոնը կոչ է արել ազատ արձակել Տիմոշենկոյին
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ կայացված դատավճիռը շարունակում է անհանգստացնել համաշխարհային հանրությանը: Պեչերյան շրջանային դատարանի որոշումը դատապարտել են ինչպես ԵՄ երկրները, այնպես էլ ԱՄՆ-ն:
Սպիտակ տունը կոչ է արել Կիևին՝ Յուլյա Տիմոշենկոյին վերադարձնել ազատությունը, և ոչ միայն նրան, այլև՝ «բոլոր քաղաքական գործիչներին և նախկին պաշտոնյաներին»: Վաշինգտոնը կարծում է, որ նրանք պետք է կարողանան ազատորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեի Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ուկրաինացիների ցանկությունը ստեղծել բարգավաճ, եվրոպական ժողովրդավարական պետություն: Վաշինգտոնում պատրաստ են ամրապնդել երկկողմ համագործակցությունը»:Սակայն Ուկրաինան չի կարող հասնել այդ նպատակներին, եթե չհետևի ժողովրդավարական սկզբունքներին:
ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցի շուրջ համապատասխանում է ԵՄ կարծիքին, որը նախապես հայտարարել էր, որ «գազի գործը» կարող է դառնալ խոչընդոտ՝ Կիևի` երկար սպասված անդամակցությանը ԵՄ-ին: