13/10/2011 16:13
«Հայփոստ մարաթոն». չորրորդ բացումը` Աջափնյակում
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն:
Հոկտեմբերի 13-ին Աջափնյակ համայնքի Շինարարների 10 հասցեում տեղի ունեցավ թիվ 0038 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստի» լրատվական ծառայությունից:
Արարողությանը ներկա էին Աջափնյակի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ: Շնորհավորելով բնակիչներին` Պրն Միքայելյանն իր խոսքում ընդգծեց վերաբացված բաժանմունքի հարմարավետ պայմանները:
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը հիշեցրեց, որ այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր»:
Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: