15/10/2011 13:36
«ՀայՖեստ»-ն իր տասնամյակը կտոնի նոր ու անսպասելի ծրագրով
«ՀայՖեստը» 9-րդ միջազգային թատերական փառատոնն ավարտվեց` նոր սպասելիքներով և արդեն տեսանելի բանակցություններով:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր տեղեկացրեց, որ հաջորդ տարի «ՀայՖեստը» գուցե հյուրընկալի բրիտանական հայտնի երկու ներկայացման, որոնց շուրջ բանակցում են բրիտանական խորհրդի հետ, իհարկե, եթե Մշակույթի նախարարությունը հովանավորչության տեսանկյունից ավելի առատաձեռն լինի.
«Դրանք «Կենդանիները և երեխաները` փողոցում» և «Կորչող հորիզոն» ներկայացումներն են, որոնք հոյակապ են, բայց շատ թանկ: Արդեն 2 տարի է համագործակցում ենք ռուսական «Ոսկե դիմակ» փառատոնի հետ և հնարավոր է մյուս տարի ներկայացնենք նաև այդ փառատոնի լավագույն աշխատանքները, սակայն, դրա համար պիտի ՌԴ մշակույթի նախարարությունն էլ աջակցի»,-ասաց և հավելեց, որ խոսքը գնում է մի քանի 100 հազար դոլար ֆինանսավորման մասին:
Հաջորդ տարի կլրանա «ՀայՖեստ» փառատոնի 10 ամյակը և ակնկալվող նորությունների շարքում փառատոնի նախագահը նշեց, որ հնարավոր է հունիս ամսին «ՀայՖեստ»-ն առաջին անգամ Հայաստանից դուրս Պերմ քաղաքի «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում ներկայանա մի նոր բացօթյա փառատոնային ծրագրով: