19/10/2011 10:00
ԱՄՆ-ը Լիբիայի նոր ղեկավորությանը կտրամադրի ևս 11 մլն դոլար
Վաշինգտոնը Լիբիայի անցումային ազգային խորհրդին կտրամադրի լրացուցիչ ավելի քան 11 մլն դոլար օգնություն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, ով այժմ չհայտարարված այցով գտնվում է Տրիպոլիում:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը լիբիական նոր ղեկավարությանը կաջակցի ընդհանուր հաշվով մոտ135 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է «Բի-բի-սի-ն»:
Խոստացված՝ 11 մլն դոլարի մեծ մասը կգնա որոնման և շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման վրա: Աղբյուրը փոխանցում է, թե որոշ երկրներ մտավախություն ունեն, որ այդ զենքը կարող է ընկնել «Ալ-Քաիդա» խմբավորման ձեռքը:
Հ. Քլինթոնի խոսքերով՝ ԱՄՆ խոստանում է աջակցել՝ գտնելու և վերացնելու հազարավոր հրթիռներ, որոնք մնացել են երկրում քաղաքացիական պատերազմից հետո:
Պետքարտուղարը նաև Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել ապստամբների բուժման և նրանց վերականգնման համար, ովքեր վիրավորվել էին Մուամար Քադաֆիի ուժերի հետ բախման ժամանակ: