21/10/2011 13:23
Դմիտրի Մեդվեդև.ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն հայտարարել է, թե Մոսկվան շարունակելու է օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ընդգծելով, թե վերջին հաշվով համաձայնության պետք է գան երկու ժողովուրդները: Մեդվեդևի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այն եզակի սառեցված հակամարտություններից է Եվրոպայում, որը կարելի է լուծել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երիտասարդ ուսանողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է իր տպավորություններով` Ադրբեջանի և Հայաստանի նախագահաների պարբերական հանդիպումներից:
«Երկու նախագահների շրջապատը լավ է լեզու գտնում և հեշտությամբ հայերենից անցնում է ադրբեջաներենի և հակառակը։ Սա գաղտնի պահ է, բայց անձամբ նախագահներն էլ վատ չեն հարաբերվում միմյանց հետ, երբ նստած ենք սեղանի շուրջ նրանք շատ լավ շփվում են»,– քաղաքական «գաղտնիք» է բացահայտել ՌԴ նախագահը։
Միաժամանակ, ՌԴ նախագահն ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտությունում կան իրական դժվարություններ, պատմություն, իրավական տարբեր մոտեցումներ, տարբեր շահեր: «Ռուսաստանը, անկասկած, կօգնի ղարաբաղյան հակամարտության կագավորմանը: Այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթին հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել է. «ՌԴ նախագահը, շրջապատ ասելով, ըստ երևույթին, նկատի է ունեցել անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք տարբեր լեզուներ գիտեն, այդ թվում և ադրբեջաներեն: Այդտեղ որևէ արտառոց բան չկա»: